Հունվարի 1-ի առավոտյան` ժամը 11:30-ի սահմանում, Երեւանի Հանրապետության հրապարակում 10-15 թափառական շուն հարձակվել են ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, գրող Նորայր Ադալյանի վրա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել թատերագետ Լեւոն Մութաֆյանը: NEWS.am-ի հետ զրույցում Նորայր Ադալյանը պատմեց դեպքի մանրամասները:

«Հունվարի  1-ի առավոտյան գնում էի ծանոթներիս տուն, Հանրապետության հրապարակով էի անցնում, հոգնեցի եւ 5 րոպե նստեցի հրապարակի տոնածառի մոտ դրված նստարանին, եւ այդ ժամանակ 10-15 թափառական շուն հարձակվեցին ինձ վրա, ձախ ոտքս  կծեցին, ես հետ-հետ գնացի եւ մեջքի վրա ընկա»,-պատմեց գրողը:

Նրա խոսքով`իրեն օգնության հասած 2 տղամարդը եթե չլինեին, շներն իրեն կհոշոտեին:

«Եթե չլինեին այդ երկու տղամարդը, շներն ինձ ուտելու էին: Այնուհետեւ շտապօգնության մեքենան եկավ եւ ինձ տարան թիվ 1-ին հիվանդանոց, որտեղ ռենտգեն արեցին, սրսկումներ  արեցին եւ գիպս դրեցին աջ ձեռքիս, որը կոտրվել էր»,-պատմեց Նորայր Ադալյանը:

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչն իր վրդովմունքը հայտնեց քաղաքապետարանի գործունեության առնչությամբ, որը չի հետեւում թափառական շներին. «Մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում շքեղ տոնածառի դիմաց  այս շներին հետեւող չկա, եւ դա շատ զայրացուցիչ է: Ինչ է մտածում քաղաքապետարանը եւ քաղաքապետը, որ միլիոներ է ծախսում, շքեղ տոնածառի լույսեր է տեղադրում, սակայն չի հետեւում ոհմակներով ման եկող  թափառական շներին»: