Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության նախագահ Մարին Լը Պենը երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդին մեղադրել է քաղաքական քաջության բացակայության մեջ:
Կուսակցության կայքում հրապարակված կոմյունիկեում նշվում է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն անօգուտ խորհուրդներ է տալիս, մինչդեռ ֆրանսիացիները նրանից քաղաքական կուրսի կտրուկ փոփոխություն են ակնկալում, ինչի համար նա համարձակություն չունի:
«Ազգային ճակատի» առաջնորդի խոսքով, իր ամանորյա ուղերձում Ֆրանսուա Օլանդն «անհավանական անդունդ հայտնաբերեց իր եւ ֆրանսիացիների միջեւ»: Ըստ Մարին Լը Պենի, նա խոստացավ աշխատել գործազրկության եւ ներգաղթի խնդիրների ուղղությամբ, այն դեպքում, երբ յուրաքանչյուր ընտրությունից հետո ֆրանսիացիները կառավարությունից շարունակում են պետության քաղաքական կուրսի կտրուկ փոփոխություն պահանջել: Նրա խոսքով, անհնար է կախարդանքով համարձակ նախագահ դառնալ՝ ընդամենը խոսելով այդ մասին:
Ֆրանսուա Օլանդը դեկտեմբերի 31-ին ամանորյա ավանդական ուղերձն է հղել, որը հեռարձակվել է Ֆրանսիայի բոլոր առաջատար հեռուստաալիքներով: Ըստ ՌԻԱ Նովոստիի, նախագահը նշել է, որ 2014 թվականը դժվար տարի էր, եւ հայտարարել, որ 2015-ը համարձակության տարի է լինելու:




























