Հյուսիսային Կիպրոսում Ջենիֆեր Լոպեսի համերգի կազմակերպիչները 40 միլիոն դոլար են պահանջում հանրահայտ երգչուհուց՝ շոուն ձախողելու համար: Ինչպես նախապես հայտնել էր NEWS.am-ը, աշխարհահռչակ երգչուհին չեղյալ էր հայտարարել համերգը, որը պետք է տեղի ունենար Կիպրոսի թուրքական մասում կառուցված Cratos Premium հյուրանոցային համալիրի բացման առթիվ: Լոպեսը հանդես էր եկել հայտարարությամբ, որում ասվում էր. «Ջենիֆեր Լոպեսը երբեք չի աջակցի մարդու իրավունքները կոպտորեն խախտող պետությանը կամ ռեժիմին։
Կիպրոսի շուրջ արված ուսումնասիրություններից հետո այս որոշումն է կայացվել եւ արտացոլում է տարածաշրջանի քաղաքական իրականության նկատմամբ մեր զգայունությունը»:
Երգչուհու դեմարշից հետո կիպրոսցի թուրքերը ԱՄՆ-ում հունական համայնքին բաց տեքստով հորդորեցին ճնշում բանեցնել շոու-բիզնեսի ներկայացուցչի վրա՝ միաժամանակ նրանից փոխհատուցում պահանջելով: Կիպրոսում Լոպեսի համերգի կազմակերպիչները հայտարարել են, որ երգչուհին երկու ամիս ժամանակ ունի՝ Կիպրոս գալու եւ համերգ տալու համար, հակառակ դեպքում հայցով կդիմեն դատարան:
Նշենք, որ Լոպեսի որոշումը մեծ հակազդեցություն է առաջացրել նաեւ թուրքական իշխանությունների շրջանում: Մասնավորապես Թուրքիայի «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցության պատգամավոր Հալիդե Ինջեքարան հայտարարել էր, թե «ավելի լավ կլինի` հրավիրվեն ոչ թե այնպիսիք, որոնք աշխարհում հայտնի են իրենց կոնքերով, այլ նրանք, ովքեր աչքի են ընկնում իրենց խելքով»: Իսկ «Ազգայնական շարժում» ընդդիմադիր կուսակցության պատգամավոր Շենոլ Բալը նշել էր. «Եթե այստեղ խոսքը մարդու իրավունքների ոտնահարման մասին է, ապա Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության բնակիչների իրավունքներն են ոտնահարվում։ Այդ խոսքերն ավելի շատ ուղղված են Թուրքիայի դեմ»:
Հիշեցնենք, որ Կիպրոսը երկու պետությունների է բաժանվել 1974 թվականին՝ Կիպրոս թուրքական զորքերի ներխուժման ժամանակ: Կղզու հարավային մասում այժմ միջազգային հանրության կողմից ճանաչված Կիպրոսի Հանրապետությունն է, որի բնակչության ճնշող մեծամասությունը հույներ են, իսկ կղզու հյուսիսային հատվածը Թուրքիան բռնազավթել է՝ այնտեղ հաստատելով իր դրածո իշխանությունը:




























