Հունվարի 6-ին Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացել է Ավստրալիայի քաղաքացի, 42-ամյա Գայե Ջոշարին: Shamshyan.com կայքի փոխանցմամբ, նա հիվանդանոց էր տեղափոխվել 2014թ. դեկտեմբերի 26-ին, Մաշտոցի 42ա շենքի դիմացից: Այդ օրն անհայտ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել նրան եւ թողնելով անօգնական՝ դիմել էր փախուստի:
Փաստի առիթով Հայաստանի քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Հայաստանի Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի եւ 244 հոդվածի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթ կատարած վարորդին եւ նրա ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:




























