«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներին հանձնուքում թաքցնելու միջոցով թմրամիջոց փոխանցելու դեպքի առիթով հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել դատապարտյալ Կ.Իսաջանյանին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում 2014 թվականի դեկտեմբերի 9-ին վարույթ է ընդունվել «Վանաձոր» ՔԿՀ-ի դատապարտյալներին թմրամիջոց իրացնելու փորձի դեպքի առիթով հարուցված քրեական գործը: Պարզվել է, որ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի՝ 2011թ. ապրիլի 21-ին դատավճռով խոշոր չափերով թմրամիջոց ձեռք բերելու համար 5 տարվա ազատազրկման դատապարտված Կ.Իսաջանյանը պատիժը կրում է ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում:
2014թ. նոյեմբերի 28-ին նա փորձել է հանձնուքի միջոցով, իր անձնական օգտագործման համար, ապօրինի ձեռք բերել զգալի չափով` 1.75 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց, ինչը հայտնաբերվել է հանձնուքների ընդունման կետում կատարված զննությամբ:
Կ.Իսաջանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34 եւ 268 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Միջոցներ են ձեռնարկվում՝ դատապարտյալին թմրամիջոց իրացրած անձի ինքնությունը պարզելու, դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:




























