Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը ՅՈՒԿՈՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկուն հայտարարել է բոլոր մահմեդականների եւ անձամբ իր թշնամի: Այս մասին Քադիրովը գրել է իր Instagram-ում:

«Մինչ ֆրանսիական իշխանությունները զբաղված են հետաքննությամբ եւ միջոցների ձեռնարկմամբ, որոնք կկանխեին լարվածության հետագա սրացումը, Խոդորկովսկին բոլոր լրագրողներից պահանջում է կրկնել փարիզյան հրատարակության փորձը եւ ծաղրանկարների տպագրությունը: Այդ կոչերը քննադատորեն են ընդունվել դրանք կարդացողների մեծ մասի կողմից: Իր անուղեղ գործողություններով Խոդորկովսկին իր վրա խաչ քաշեց»,- Քադիրովի գրառումն է մեջբերում Gazeta.ru-ն:

Ֆրանսիական «Charlie Hebdo» երգիծական ամսագրի խմբագրության դեմ հարձակումը Փարիզում տեղի է ունեցել հունվարի 7-ին: Ահաբեկչության արդյունքում 12 մարդ է զոհվել, այդ թվում՝ պարբերականի գլխավոր խմբագիրը: