Ահաբեկիչների վերջնանպատակը Ֆրանսիան չէ, Ֆրանսիան հարվածի տակ ընկավ ավելորդ ակտիվության համար: Վերջնանպատակը ԱՄՆ-ն է, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուսաստանցի ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւը:

Ֆրանսիայում, ըստ նրա, ոչ արդյունավետ են գնահատում կատարվածի պատճառները: «Այնտեղ մոռանում են, որ հենց Ֆրանսիան է տարբեր տեսակ իսլամիստների որջ դարձել, որոնցից շատերը մարտնչում են Սիրիայի տարածքում` Բաշար Ասադի օրինական իշխանության դեմ: Երբ ինչ-որ երկիր իր տարածքը հատկացնում է ահաբեկիչներին` լինի դա Թուրքիան, Ֆրանսիան, թե որեւէ այլ պետություն, ապա միշտ պետք է գիտակցի, որ այնտեղ եւս կարող է ինչ-որ բան տեղի ունենալ:  Ուզում եմ նշել, որ Բոսթոնի ահաբեկչությունը կատարվեց այն պատճառով, որ ԱՄՆ-ն իր տարածքում ահաբեկիչների էր տեղակայել», - ասաց Վլադիմիր Եվսեեւը:
Այս սխալ պրակտիկան, ըստ փորձագետի, հանգեցնում է նրան, ինչ տեղի ունեցավ Փարիզում: «Ես դատապարտում եմ Փարիզում կատարվածը, բայց տեսնում եմ, որ հիմքեր չկան ասելու, թե դա չի կրկնվի մեկ այլ երկրում: Որովհետեւ միանգամայն հասկանալի է, որ երբ ինչ-որ պետություններ միջամտում են այլ պետությունների գործերին, տապալում են Աֆղանստանի, Իրաքի, Լիբիայի օրինական իշխանությունները, նրանք երբեւիցե բումերանգ են ստանում, այժմ խոսքն ավելի շատ բումերանգի մասին է», - ընդգծեց Վլադիմիր Եվսեեւը:

Ներկայումս, ըստ նրա, շատ են խոսում, որ պետք է ուժեղացնել իրավապահ համակարգը, անվտանգության միջոցառումները, բայց դա բավարար չէ, քանի որ իսլամիստները չեն անհհետանա, նրանք կգործեն Ֆրանսիայի եւ ԵՄ այլ երկրների տարածքում:  «Ես կարծում եմ, որ ահաբեկիչների վերջնանպատակը Ֆրանսիան չէ, Ֆրանսիան հարվածի տակ ընկավ ավելորդ ակտիվության համար: Վերջնանպատակը ԱՄՆ-ն է եւ, ամենայն հավանականությամբ, 2001թ. սեպտեմբերի 11-ի համաբանությամբ ահաբեկչություններ անպայման տեղի կունենան, քանի որ ԱՄՆ-ն ամեն ինչ անում է դրա համար», - տեսակետ հայտնեց փորձագետը` հավելելով, որ նման քաղաքականությունը խիստ սխալ է: