Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանին կալանավորելու հարցով այսօր՝ հունվարի 12-ին, Վերաքննիչ դատարան բողոք կներկայացվի:Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Կարեն Թումանյանը:
Նրանք բողոքարկում են առաջին ատյանի դատարանի որոշումը՝ դատավորի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք ընտրելու մասին: Ինչ վերաբերում է մյուս գործողություններին, փաստաբանն ասաց, որ դիմել են Արդարադատության խորհրդին, որպեսզի ստանան դատավորի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը, մեղադրանք ներկայացնելու համար ներկայացված հիմքերը, նիստերի արձանագրությունները եւ այլն: Կարեն Թումանյանը տեղեկացրեց նաեւ, որ այս օրերին Խ. Խաչատրյանի հետ որեւէ քննչական գործողություն չի արվել, նա այսօր կհանդիպի իր պաշտպանյալի հետ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խ. Խաչատրյանը: ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր.օրի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանն այսօր ՀՀ դատական օրենսգրքի 168-րդ հոդվածով նախատեսված կարգով ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խ. Խաչատրյանին որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Արդարադատության խորհուրդ, որը բավարարվել է: Դատավորը կալանավորված է:




























