Միջազգային հանրությունը ոչ ադեկվատ է արձագանքում ադրբեջանական կողմի դիվերսիոն հարձակումներին եւ Հայաստանի տարածքի գնդակոծությանը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ հայտարարեց խորհրդարանի փոխնախագահ, Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով ադրբեջանական կողմի դիվերսանտների ներթափանցման հերթական փորձը:
Շարմազանովը փաստեց, որ սա առաջին միջադեպը չէ, երբ ադրբեջանական կողմը գնդակոծում է Հայաստանի տարածքը, խաղաղ բնակիչներին եւ դիվերսիոն հարձակման փորձ է իրականացնում. «Սա ադրբեջանական ոճ է, որը չի զարմացնում հայկական կողմին: Սակայն զարմանալի է, որ միջազգային հանրությունը ոչ մի կերպ չի արձագանքում կատարվածին, եւ այս ոչ ադեկվատ վերաբերմունքը պաշտոնական Բաքվի ձեռքերին համարձակություն է հաղորդում: Միաժամանակ, Հայաստանի Զինված ուժերը բազմաթիվ անգամներ ապացուցել են, որ ի վիճակի են արժանի հակահարված տալ»: Իշխող կուսակցության ներկայացուցչի խոսքով՝ հայ-ադրբեջանական սահմանի վերջին միջադեպը եւս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը հանդիսանում է տարածաշրջանային անվտանգության սպառնալիք: Շարմազանովը միջազգայի կառույցներին կոչ է անում տեղի ունեցածին ադեկվատ գնահատական տալ, որպեսզի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այլեւս Եվրոպայում դեմոկրատիայի թեմայով անգրագիտության վերացման դասեր չանցկացնի:
Հիշեցնենք, որ տոնական օրերին Ադրբեջանը ինտենսիվորեն խախտել է հրադադարի ռեժիմը, երկու կողմից էլ այս օրերին եղել են բազմաթիվ զոհեր: Իսկ վերջին դեպքն այն էր, երբ Հայոց բանակի արագ արձագանքման համապատասխան ստորաբաժանումը դարանակալել եւ չեզոքացրել է Հայաստանի պետական սահմանը խախտած դիվերսիոն խմբի գործողությունները: Հակառակորդի դիվերսիոն խմբի մի անդամի դիակը գտնվում է միջդիրքային տարածքում: Ցավոք, փոխհրաձգության ընթացքում զոհվել է նաեւ տարածքում գտնվող հովիվ Սերյոժա Նիկոլայի Սարգսյանը (ծնված 1935 թ.):



























