Հայ-ադրբեջանական պետական սահմանի՝ Տավուշի մարզի Բաղանիս գյուղի հատվածում հունվարի 11-ին դրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված դիվերսիոն փորձից հետո անվտանգության առումով փակ է Երեւան-Թբիլիսի հիմնական ճանապարհը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը:

«Թբիլիսի հնարավոր է գնալ թիկունքային ճանապարհով, որն անցնում է Ոսկեպար գյուղով: Կարծում եմ՝ դեռ մի քանի հիմնական ճանապարհը փակ կլինի»,- ասաց գյուղապետը:

Նրա խոսքով՝ այս պահին իրավիճակը հանգիստ է, գյուղի ուղղությամբ կրակոցներ չկան:

Նշենք, որ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հունվարի 11-ին իր ֆեսյբուքյան էջում գրել էր, որ նույն օրը ժամը 17:30-ի սահմաններում Տավուշի մարզի հայ-ադրբեջանական պետական սահմանի Բաղանիս գյուղի հատվածում ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները դիվերսիոն փորձ են իրականացրել:

«Հակառակորդի ստորաբաժանումների առաջխաղացումը ժամանակին հայտնաբերվել է: Հայոց բանակի արագ արձագանքման համապատասխան ստորաբաժանումը դարանակալել եւ չեզոքացրել է Հայաստանի պետական սահմանը խախտած դիվերսիոն խմբի գործողությունները:

Հակառակորդի դիվերսիոն խմբի մի անդամի դիակը գտնվում է միջդիրքային տարածքում: Ցավոք, փոխհրաձգության ընթացքում զոհվել է նաեւ տարածքում գտնվող հովիվ Սերյոժա Նիկոլայի Սարգսյանը (ծնված 1935 թ.)»,- հայտնել է ՊՆ խոսնակը: