«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում կայացած ընդլայնված խորհրդակցության ընթացքում ընկերության վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը, ամփոփելով 2014թ. ընկերության գործունեության արդյունքները, դրական է գնահատել կատարված աշխատանքը.: «2014թ. առաջին տարին է, որ մենք ամփոփում ենք մեր գործունեության արդյունքները որպես «Գազպրոմ» ԲԲԸ 100-տոկոսանոց դուստր ընկերություն, ինչը մեզ համար առավել պատասխանատվություն է: Ես գոհունակությամբ պետք է նշեմ, որ տարվա կտրվածքով նախատեսված բոլոր արտադրական ծրագրերն ու պլանային առաջադրանքները հիմնականում կատարված են, եւ այսօր ունենք բավականին լավ ցուցանիշներ, որոնք առանցքային են համակարգի հետագա զարգացման տեսանկյունից»,- նշել է նա:
Մասնավորապես, տարվա արդյունքներով ծավալուն աշխատանք է իրականացվել շահագործման որակի բարձրացման, համակարգում կորուստների նվազեցման եւ իրացված բնական գազի դիմաց գումարների հավաքագրման բարձր ցուցանիշեր ապահովելու ուղղությամբ:
Ֆինանսատնտեսական գործունեության շրջանակում կարեւորվել է ֆինանսական կարգապահության հարցը, ինչը լուրջ գործոն էր հատկապես տարեվերջին փոխարժեքի շուկայում արձանագրվող գործընթացի պայմաններում՝ ռիսկերը գնահատելու, ինչպես նաեւ ներկրվող բնական գազի դիմաց կատարվող դոլարային վճարումները մաքսիմալ ապահովելու առումով: Ընկերությունը միաժամանակ կատարել է բոլոր բյուջետային պարտավորությունները՝ առաջատար դիրք զբաղեցնելով հանրապետության խոշոր հարկատուների ցանկում:
Վ. Հարությունյանը առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել նաեւ գազասպառման համակարգում անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքներին, որոնց արդյունքում վերջին տարիների համեմատ արձանագրվել են ամենաբարձր ցուցանիշերը:«Սպառողների անվտանգության խնդիրների ապահովումը եղել եւ մնում է մեր աշխատանքի առաջնահերթությունը, պետք է շարունակենք ամենօրյա հետեւողական աշխատանք տանել այն մաքսիմալ արդյունավետությամբ կազմակերպելու համար՝ նոր տեխնոլոգիաների ներդրման, վերահսկողության մեխանիզմների կատարելագործման միջոցով», - ընդգծել է Վ. Հարությունյանը:
2014 թ. աշխատանքային գործունեության կարեւոր հաջողություններից է համարվել երկարատեւ դադարից հետո էլեկտրաէներգիայի արտահանման վերսկսումը Վրաստանի էներգահամակարգ՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ եւ «Global International Energy Corporation» ընկերության միջեւ կնքված պայմանագրին եւ էլեկտրաէներգիայի արտահանման պայմաններին համապատասխան:
Անդրադառնալով 2015թ. ծրագրերին ու անելիքներին, Վ. Հարությունյանը նշել է, որ պետք է համատեղել բոլոր ջանքերը՝ գործունեության արդյունավետության որակապես նոր մակարդակ ապահովելու եւ Ընկերության առջեւ դրված նպատակներն ու խնդիրները հաջողությամբ իրականացնելու համար:
Ընթացիկ տարվա արտադրական ծրագրերում առանձնակի կարեւորություն է հատկացվել Աբովյանի ստորգետնյա գազապահեստ կայանի պահեստավորման ծավալների ընդլայնման, ինչպես նաեւ գափոխադրման համակարգում սպասարկվող մայրուղային գազատարերի վերատեղադրման ու վերանորոգման, գազային օբյեկտներում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման եւ արդիականացման աշխատանքներին:
Ընկերության ստորաբաժանումներին հանձնարարվել է ամփոփել եւ հաշվետվություններ պատրաստել 2014թ. կատարված աշխատանքների վերաբերյալ, ինչպես նաեւ ներկայացնել 2015 թվականի աշխատանքային ծրագրերը:



























