Գյումրիում հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը դաժանաբար սպանված ընտանիքի 6 անդամների մարմինները դեռ դուրս չեն բերվել տնից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանը:

Նա հայտնեց, որ դեպքի վայրում այս պահին գործողություններ են իրականացվում:

«Որոնողական աշխատանքները շարունակվում են, հայտնաբերել ենք Պերմյակովի հանդերձանքը, հրազենը, նա զինված չէ: Գյումրիում էլ վիճակը հանգիստ է, ժողովրդի մեջ խուճապ չկա»,- ասաց ոստիկանապետը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի 6 անդամներին։ Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Վեց ամսական մյուս երեխան տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ վիրահատվել է եւ այժմ ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Սպանության հիմնական կասկածյալը ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովն է: Ոստիկանությունը որոնում է նրան: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ։