Հունվարի 12-ի գիշերը Գյումրի քաղաքում 6 անդամից (այդ թվում՝ մանկահասակ երեխայից) բաղկացած ընտանիքի հրեշավոր սպանություն է իրագործվել: Նախնական տվյալներով՝ հանցագործության իրագործման մեջ կասկածվում է այժմ փախուստի մեջ գտնվող 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը:

Արդեն հայտնի է, որ կասկածյալը ծնվել է Չիտայում: Ավարտել է երկոյան դպրոցը: Չիտայում էլ անցել է պարտադիր զինծառայության: Պերմյակովն արդեն մեկ անգամ փախել է բանակից, քանի որ չի ցանկացել ծառայել: Դրանից հետո տեղափոխվել է հիվանդանոց, այնտեղ մտափոխվել եւ խնդրել վերադառնալ ծառայության: Ինչպես վստահեցնում են ծառայակիցները «Պերմյակովն, ընդհանուր առմամբ, ադեկվատ, շփվող երիտասարդ է» եւ չեն հավատում, որ վերջինս կարող էր նման քայլի դիմել: Դեկտեմբերի 3-ին Պերմյակովը Չիտայի 21205 զորամասից տեղափոխվել է 102-րդ ռազմաբազա:

Ի դեպ, նախքան ՌԴ-ի ԶՈՒ զորակոչվելը՝ երիտասարդը գտնվել է իրավապահ մարմինների տեսադաշտում, քանի որ նրա եղբայրը դատապարտվել է սպանության համար:

Այդ նույն օրը զինծառայողի նկատմամբ հետախուզում է  հայտարարվել: Իրավապահ մարմինների աշխատակիցները հատուկ հսկողության տակ են վերցրել Գյումրիի դպրոցներն ու մանկապարտեզները:

Գյումրի ընտանիքի դաժան սպանության փաստով Հայաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել: