Գյումրիում դաժանորեն սպանված 6 հոգանոց ընտանիքի անդամներից 6-ամսական երեխայի վիճակը շարունակում է կայուն ծանր մնալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը:

«Առողջապահության նախարարության համապատասխան մասնագետների հետ ողջ օրվա ընթացքում հեռախոսով խորհրդակցել ենք: Այժմ արդեն նրանց սպասում ենք Գյումրիում: Եթե խորհրդակցությունից հետո որոշվի, որ Երեւանում փոքրիկի համար ավելի լավ կլինի, ապա առանց հապաղելու կտեղափոխենք մայրաքաղաք»,- ասաց Աշոտ Կուրղինյանը:

Նշենք, որ փոքրիկն այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նա միացված է արհեստական շնչառության ապարատին եւ բոլոր ազդակներին պատասխանում է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի 6 անդամներին։ Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Վեց ամսական մյուս երեխան տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ վիրահատվել է եւ այժմ ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Սպանության հիմնական կասկածյալը ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովն է: Ոստիկանությունը որոնում է նրան: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ։