Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վաղը՝ հունվարի 13-ին, մեկնելու է Գյումրի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Նախարարը հանդիպում կունենա Գյումրիում տեղի ունեցած սպանության հանգամանքները քննելու համար Մոսկվայից ժամանած քննչական հատուկ հանձնաժողովի անդամների հետ»,- գրել է ՊՆ խոսնակը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի 6 անդամներին։ Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Վեց ամսական մյուս երեխան տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ վիրահատվել է եւ այժմ ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Սպանության հիմնական կասկածյալը ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովն է: Ոստիկանությունը որոնում է նրան: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ:



























