Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հայաստանցի գործընկեր Սեյրան Օհանյանի հետ հեռախոսազրույցում «իր խորը ցավակցությունն է հայտնել Գյումրիում տեղի ունեցած ողբերգության զոհերի հարազատներին եւ մտերիմներին»: Նա ընդգծել է, որ «ոչինչ չի կարող արդարացնել անմեղ մարդկանց նկատմամբ նման բռնությունը»:

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը Հայաստանին խոստանում է «հնարավոր ցանկացած օժանդակություն եւ աջակցություն ցուցաբերել զոհերի հարազատներին»:

Գերատեսչության հաղորդագրության համաձայն, ողբերգության պատճառների հետաքննության համար ռուսական ռազմաբազա ՊՆ հանձնաժողով է ուղարկվել՝ նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Արկադի Բախինի գլխավորությամբ:

Հիշեցնենք, որ Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում ողբերգություն է տեղի ունեցել: Անհայտ անձը գնդակահարել է Սերյոժա Ավետիսյանին (1961թ.), Հասմիկ Ավետիսյանին (1959թ.), Աիդա Ավետիսյանին (1979թ.), Արմեն Ավետիսյանին (1981թ.), Արաքսյա Պողոսյանին (1990թ.), Հասմիկ Ավետիսյանին (ծննդյան թիվը հստակեցվում է): Իսկ 2014 թվականին ծնված Սերյոժա Ավետիսյանը տեղափոխվել է հիվանդանոց:

Նախնական տվյալներով, հանցագործությունը կատարելու մեջ կասկածում են ռուսական 102-րդ ռազմաբազայից փախուստի դիմաց զինծառայողին: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 5.45 մմ տրամաչափի պարկուճներ, զինվորական կոշիկ, որի վրա նշված է զինծառայող Վալերի Պերմյակովի անունը: