Նոր հետազոտությունը՝ հիմնված օբսիդիանե իրերի վերլուծության վրա, հնարավորություն է ընձեռել մանրամասներ պարզել Զատկի կղզու քաղաքակրթության ոչնչացման մասին:
Զատկի կղզին գիտնականների ուշադրությունը գրավում է հիմնական հանելուկի պատճառով. ժամանակին խիտ բնակեցված եւ զարգացած մշակույթ եւ գյուղատնտեսություն ունեցող կղզին ինչո՞ւ է զրկվել բնակչության մեծ մասից: Նախկինում կղզու բնակչության կործանման պատճառը համարվում էր բնապահպանական աղետը: Գիտնականները ենթադրում էին, որ դրան հանգեցրել է փոքր մակերեսի վրա (163.6 քառ.կմ) բնակչության անվերահսկելի աճը, ռեսուրսների դեֆիցիտը եւ մեծ ծախսերը: Շատերն էլ կարծում են, որ քաղաքակրթության վերացմանը նպաստել են եվրոպացիները՝ իրենց հետ կղզի բերելով մի շարք հիվանդություններ, այդ թվում՝ սիֆիլիս:
Նոր Զելանդիայից հնագետների կատարած նոր հետազոտությունը թույլ է տվել ավելի մանրամասն հետեւել Զատկի կղզու ժողովրդագրական աղետին: Արդյունքում պարզվել է, որ քաղաքակրթության անկումը տեղի է ունեցել դանդաղ ու աստիճանաբար, եւ դրանում մեղավոր են ոչ այնքան տեղաբնակները, որքան շրջակա միջավայրի դաժան պայմանները:
Բացի այդ, հետազոտողներն ապացուցել են, որ կղզիաբնակները դատապարտված են եղել սոցիալական անկման մինչեւ եվրոպացիների ժամանումը: «Վերջի» սկիզբ է դարձել կենսակերպի փոփոխությունը. ժամանակի ընթացքում մարդիկ դադարել են զբաղվել գյուղատնտեսությամբ, սկսել են ավելի շատ զենք արտադրել, ինչին հետեւել են պատերազմները, ցնցումները, սովն ու մարդակերությունը:




























