Գյումրիում 6 հոգանոց ընտանիքի սպանության մեջ կասկածվող Վալերի Պավելի Պերմյակովի շահերը պաշտպանելու առաջարկ է արվե փաստաբան Ռազմիկ Շիրոյանին, սակայն նա հրաժարվել է: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց փաստաբանը:

Նա նշեց, որ հրաժարվել է պաշտպանել ռուս զինվորականի շահերը զուտ ելնելով բարոյականության տեսանկյունից: «Բայց եթե ես իմանայի, որ գործը հանձնվելու է ռուսներին, ես կգնայի զուտ հետաքրքրության համար, որ գոնե իմանայինք, թե ինչի է նման ողբերգություն եղել: Իմ տեղեկություններով՝ գործը հանձնված է ռուսական զինդատախազությանը»,-ասաց Ռազմիկ Շիրոյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում ընտանիքի 6 անդամներին գտել են սպանված: Նրանց վրա հրազենային վնասվածքներ են եղել: Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Սպանության հիմնական կասկածյալը ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովն է: Նրան հայտնաբերել են հայ-թուրքական սահմանի մոտ` Բայանդուր գյուղի հատվածում: Այժմ քննարկվում է հարուցված երկու քրեական գործերը միացնելու եւ ՀՀ-ում կամ ՌԴ-ում քննելու հարցը: