Հետաքննությունն այս գործը կհասցնի տրամաբանական ավարտին, եւ բոլոր մեղավորները՝ ոչ միայն հանցագործը, այլեւ բոլոր նրանք, ովքեր այս կամ այն կերպ, անուղղակի  օգնել են նրան այդ հանցագործությունը կատարելիս, կպատժվեն: Այս մասին Գյումրիի քաղաքապետարանում հայտարարել է ՀՀ-ում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Եվգենի Կոնիշեւը, որն այնտեղ էր գնացել ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի հանձնարարությամբ:

«Ցավակցում եմ Գյումրիի քաղաքապետին, քաղաքի բնակիչներին, բոլորին՝ մեր ընդհանուր վշտի կապակցությամբ:  Խոնարհվում անմեղ զոհերի առաջ, մի ողջ ընտանիքի, որին նման ցավ է բաժին հասել: Ցանկանում եմ ցավակցել հարազատներին: Սա, իհարկե, մեծ ոճրագործություն է,  որն արդարացում չունի: Հուսով եմ, որ քննությունն այս գործը տրամաբանական ավարտին կհասցնի: Բոլոր մեղավորները, ոչ միայն հանցագործը, այլեւ նրանք, այս կամ այն կերպ անուղղակի անուղղակի՝ անգործությամբ, անփութությամբ, իրենց ծառայողական այլ գործերով, օգնել են այս հանցագործության կատարմանը, կպատժվեն»,- հայտարարել է հյուպատոսը:

Եվս մեկ անգամ խորին ցավակցություն հայտնելով՝ Կոնիշեւը նշել է. «Մենք հայ ժողովրդի հետ սգում ենք այս ողբերգությունը, որը կատարվել է երեկ առավոտյան Գյումրիում»: