Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրը հայտարարել է, որ Գյումրիում հայկական ընտանիքի 6 անդամներին սպանած ռուս զինվորական վալերի Պերմյակովին Հայաստանում են դատելու: Այս մասին նա հայտարարել է Գյումրիում Մոսկվայից ժամանած քննչական հատուկ հանձնաժողովի անդամների մասնակցությամբ փակ խորհրդակցության ժամանակ, որի ընթացքում հստակեցվել է քննության վարման հետագա կարգը:
«Պերմյակովին մերոնք են դատելու, նա անպայման այստեղ բանտ կնստի եւ կստանա իրենը: Իսկ ռուսաստանցիների հետ պետք է բարեկամություն անել, նրանք մեր բարեկամներն են»,-ասել է նա:
«Ռուս ժողովուրդը մեղավոր չէ նրանում, ինչ արել է Պերմյակովը: Ինձ թվում է, նա ինչ-որ բան է ուզել, հետո նրա մոտ ինչ-որ բան չի ստացվել, հետո վախից սկսել է կրակել, ազարտի մեջ է ընկել: Նա պարզապես ստահակ է»,-ասել է Խաչատուրովը:
Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում ընտանիքի 6 անդամներին գտել են սպանված: Նրանց վրա հրազենային վնասվածքներ են եղել: Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Սպանության հիմնական կասկածյալը ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովն է: Նրան հայտնաբերել են հայ-թուրքական սահմանի մոտ` Բայանդուր գյուղի հատվածում: Այժմ քննարկվում է հարուցված երկու քրեական գործերը միացնելու եւ ՀՀ-ում կամ ՌԴ-ում քննելու հարցը:




























