«Ժառանգություն» կուսակցությունն իր վրդովմունքն է հայտնում Գյումրիում տեղակայված՝ ՌԴ 102-րդ ռազմահենակետում ծառայող զինվորի կողմից 2015թ. հունվարի 12-ին կատարված դաժան բռնարարքի կապակցությամբ, որին զոհ գնացին Գյումրի քաղաքում բնակվող Ավետիսյանների խաղաղ ընտանիքի վեց անդամները:
«Կուսակցությունը ՀՀ իրավապահ մարմիններից պահանջում է անհապաղ իրականացնել անաչառ, ամբողջական ու բազմակողմանի քննություն եւ խիստ պատասխանատվության ենթարկել ոճրագործության հետ առնչվող բոլոր անձանց: «Ժառանգությունն» ակնկալում է այս դեպքի հետ կապված առավելագույն թափանցիկություն եւ հանրային հաշվետվողականություն:
Կուսակցությունը Հայաստանի գործող իշխանություններին հորդորում է իրենց ռուսաստանցի գործընկերների հետ սահմանել իրավապայմանագրային այնպիսի հարաբերություններ ու ռազմահենակետի ներքին կանոնակարգ, որոնք այսուհետ կերաշխավորեն նման սոսկալի միջադեպերի բացառումը:
«Ժառանգությունը» ծանր կորստի առթիվ խորապես ցավակցում է Ավետիսյանների ընտանիքի հարազատներին ու մերձավորներին` հայտնելով իր զորակցությունն ու փայփայելով ընտանիքի միակ ողջ մնացած անդամի՝ 6-ամսյա Սերյոժայի շուտափույթ ապաքինման հույսը»,-ասված է «Ժառանգության» հայտարարությունում:
Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում ընտանիքի 6 անդամներին գտել են սպանված: Նրանց վրա հրազենային վնասվածքներ են եղել: Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Սպանության հիմնական կասկածյալը ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովն է: Նրան հայտնաբերել են հայ-թուրքական սահմանի մոտ` Բայանդուր գյուղի հատվածում: Այժմ քննարկվում է հարուցված երկու քրեական գործերը միացնելու եւ ՀՀ-ում կամ ՌԴ-ում քննելու հարցը:




























