Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցված քրեական գործով փորձարարություն կանցկացվի՝ պարզելու համար՝ արդյոք հնարավոր էր, որ Կիվիրյանին բերման ենթարկելիս  ավտոմեքենայի ղեկին նստած անձը հայելու միջով տեսներ, թե ինչպես է Կիվիրյանը ինքնավնասում կատարում՝ դեմքը մեքենայի դռան բռնակին հարվածելով: Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ հունվարի 13-ին, բավարարեց փորձարարություն անցկացնելու՝ պաշտպանական կողմի միջնորդությունը:

Հիշեցնենք, որ, ըստ նախաքննական մարմնի, Կիվիրյանը, որին ոստիկանները բերման էին ենթարկել Կոմիտաս 5 հասցեից, ավտոմեքենայի մեջ ինքնավնասում է կատարել, հարվածել ոստիկանի: Ավոտմեքենայի ղեկին նստած ոստիկանն իր ցուցմունքում նշել էր, թե հայելու միջով տեսել է Կիվիրյանին ինքնավնասվելիս: Պաշտպանական կողմը, սակայն, պնդում է, որ հայելու միջով հնարավոր չէր տեսնել այդքան բանը, քանի որ նստատեղը փակում է տեսադաշտը, իսկ Կիվիրյանը ավտոմեքնայի մեջ պառկած վիճակում է եղել:

«Փորձարարությամբ ակնհայտ կերեւա, որ վկան իրականությանը չհամապատասխանող ցուցմունք է տվել, բայց վստահ եմ, որ դա որեւէ ապացուցողական նշանակություն չի ունենա դատարանի համար: Մենք արդար դատաքննության չենք սպասում: Մեր նպատակն է՝ ապացուցել հանրությանը, որ իրականում ոչ միայն ոստիկանները սուտ ցուցմունքներ են տվել, այլ նախաքննական մարմինն էլ ամեն ինչ արել է, որպեսզի պաշտպանի իրական հանցագործներին՝ Արգիշտի Կիվիրյանի դեմ բռնություն գործադրած ոստիկաններին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Կիվիրյանի պաշտպան Լուսինե Սահակյանը:

Հիշեցնենք, որ 2013թ. օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում կառուցվող բազմահարկի դեմ հարակից շենքի բնակիչների բողոքի միացած Կիվիրյանը հանցագործության մասին հաղորդում էր տվել, որ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկաններն իրեն բաժին տանելիս բռնություն են գործադրել իր նկատմամբ: Սակայն քրգործ հարուցվել էր ոչ թե այդ առթիվ, այլ ոստիկանի հաղորդման հիման վրա, ըստ որի, Արգիշտի Կիվիրյանն է հարվածներ հասցրել ոստիկանին եւ ինքնավնասվել՝ գլուխը հարվածելով ոստիկանական ավտոմեքենայի դռանը: Կիվիրյանի դեմ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը: