Գյումրիում ընտանիքի 6 անդամների սպանության մեջ կասկածվող ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովի վերաբերյալ գործը պետք է քննվի Հայաստանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

Նա նշեց, որ թե՛ միջազգային, թե՛ ՀՀ քրեական դատավարության նորմերի համաձայն անկախ նրանից, թե որ պետության քաղաքացի է հանցագործություն կատարող անձը, եթե հանցագործությունը կատարել է մեր պետության տարածքում, ուրեմն գործը պետք է քննվի Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից, բացառությամբ մի դեպքի, եթե անձը հայտնաբերվել  է այլ պետությունում և իրեն Հայաստանի իրավապահ մարմիններին չեն հանձնում: Տվյալ դեպքում, Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով, Պերմյակովը հանցագործությունը կատարել է մեր երկրում եւ հայտնաբերվել է Հայաստանի Հանրապետության տարածքում, հետեւաբար՝ քրեական գործը պետք է քննվի ՀՀ-ում և վերջնական լուծում ստանա մեր դատարանի կողմից:

«Հանձնման խնդիր չկա, քանի որ նրան հայտնաբերել են ՀՀ, այլ ոչ թե ՌԴ տարածքում, ոչ թե հանձնման, այլ փոխանցման մասին է խոսքը, մի իրավապահ մարմինները փոխանցեն մյուսին: Անօրինական էր Պերմյակովը հայտնաբերելուց հետո ռուսական ռազմաբազա տեղափոխելը, նա պետք է անհապաղ փոխանցվեր մեր իրավապահ մարմիններին, որից հետո մեր իրավապահ մարմինները պետք է քննարկեին Պերմյակովի ՌԴ հանձնելու հարցն, այլ ոչ թե իրենք մեզ հանձնելու հարցը: Այստեղ, ամենեւին էլ կապ չունի, որ սահմանապահներն են բռնել կամ ՌԴ-ի կողմից հարուցված գործի շրջանակներում է բռնվել, Հայաստանի Հանրապետությունը սուվերեն պետություն է և իր տարածքում հայտնաբերված հանցագործության մեջ մեղադրվող ցանկացած անձ չի կարող առանց մեր իրավապահների գիտության տեղափոխվի այլ պետության տարածք»,-ասաց նա:

Հարցին, թե եթե նրա դեմ կա հարուցված գործ նաեւ ՌԴ իրավապահների կողմից զորամասը լքելու վերաբերյալ, արդյոք պետք է միացվեն այս գործերը, փաստաբանը պարզաբանեց, որ նման բան չկա, տարբեր պետություններում քննվող քրեական գործերը չեն միացվում, դրանք միացվում են, երբ քրեական գործերը վարույթ են ընդունվում նույն պետության իրավապահ մարմինների կողմից, օրինակ՝ մեկը Հայաստանում եւ՛ գողություն է արել, եւ՛ սպանություն ու կա երկու հարուցված գործ:

Իսկ թե ինչու նման դաժան սպանությունից հետո դեռ քննարկվում է Պերմյակովի գործի քննության ենթակայության հարցը, Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ պարզապես մերոնք դուխ չունեն, որպեսզի ասեն, որ մեր պետության տարածքում եք բռնել, շնորհակալություն Ձեզ, բայց բարի եղեք փոխանցեք Պերմյակովին մեր իրավապահ մարմիններին: Նա շեշտեց, որ իրավական նորմերի համաձայն՝ նման պահանջի ներկայացումը լիովին օրինական է:

Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում ընտանիքի 6 անդամներին գտել են սպանված: Նրանց վրա հրազենային վնասվածքներ են եղել: Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Սպանության հիմնական կասկածյալը ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովն է: Նրան հայտնաբերել են հայ-թուրքական սահմանի մոտ` Բայանդուր գյուղի հատվածում: