Ադրբեջանի Միլի Մեջլիսի տպագիր մարմինը՝ «Ադրբեջան» թերթը, խմբագրական հոդված է հրապարակել, որտեղ սուր քննադատութան է ենթարկվում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:
haqqin.az-ի փոխանցմամբ՝ հոդվածը վերնագրված է «Օբամայի երկերսանիությունը» եւ այնտեղ ասվում է, որ Օբաման չի արդարացրել հույսերը, եւ չի կատարել ԱՄՆ-ի նախագահ ընտրվելու ժամանակ տված խոստումները:
Մեջբերվում է Foreign Affairs պարբերականում հրապարակված Ֆենիմեր եւ Ֆերալլա հեղինակների հոդվածները, որտեղ Օբամայի քաղաքականությունն անվանվում է երկերեսանի: Այնուհետեւ վկայակոչվում են Վիքիլիքսի նյութերը, որտեղ ապացուցվում է, որ ԱՄՆ-ն հետեւում է ոչ միայն հակառակորդներին, այլեւ նույնիսկ բարեկամական երկրների առաջնորդներին ու նրանց դեմ կոնպրոմատներ է հավաքում:
Բացի այդ, ԱՄՆ-ն չի իրականացնում իր դաշնակիցների պաշտպանության խոստումները: Որպես ապացույց՝ հոդվածում ասվում է Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի ճակատագրի մասին եւ իսկույն հիշեցվում նրա օրինական հաջորդի՝ Մոհամեդ Մուրսիի մասին:
Հոդվածի հեղինակների կարծիքով, ԱՄՆ-ն պարտավոր էր պաշտպանել Մուբարաքին եւ Մուրսիին, քանի որ այդ առաջնորդները Վաշինգթոնի ցանկացած խնդրանք իրականացրել են: Սակայն իրականում Մուբարաքի եւ Մուրսիի տապալման հետեւում կանգնած է եղել հենց ԱՄՆ-ն, ասվում է հոդվածում:
Սա ապացուցում է այն հանգամանքը, որ Freedom House-ի ու այդ կառույցի ղեկավար Դեւիդ Քրամերը ոչ մի կերպ չեն արձագանքել Եգիպտոսի դատարանի որոշմանը, որը «Մուսուլման եղբայրների» 500 անդամներին դատապարտել էր մահվան:
Այնուհետեւ հոդվածում ասվում է, որ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության Ամերիկայի պատասխանը եղավ Աֆղանստանի, Իրաքի, Սիրիայի, Եմենի, Լիբիայի, Թունիսի իրադարձությունները: «Գունավոր հեղափոխություններն» ու «արաբական գարունը» անհաջողություն եւ դժբախտություն են բերել այդ երկրներին:
Այդ իրադարձությունները տարածվել են նաեւ Եվրոպայի եւ Ուկրաինայի վրա: «Շնորհիվ ԱՄՆ-ի եւ իր դաշնակիցների ջանքերի՝ նախկին ԽՍՀՄ-ի հարուստ հանրապետությունն այսօր գտնվում է քաղաքացիական պատերազմի վիճակում», - ասվում է հոդվածում:
Այնուհետեւ հոդվածի մեջ հիասթափություն է արտահայտվում, որ Օբամայի վարչակազմի օրոք ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները վատթարացել են: Նախորդ վարչակազմերի ժամանակ կողմերը լսում էին միմյանց եւ կատարում խոստումները: Սակայն Օբամայի իշխանության գալով Ադրբեջանին սատարող ոչ մի քայլ չի արվել, ասվում է հոդվածում:
Մասնավորապես, ըստ ադրբեջանցիների, ղարաբաղյան կարգավորման հարցում ԱՄՆ-ն պետական մակարդակով երկակի ստանդարտներ է ցուցաբերել, որն արտահայտվել է Բրայզային Բաքվում դեսպան նշանակելու Օբամայի անկարողությամբ:
«Այնուհետեւ ԱՄՆ որոշ շրջանակներ սկսել են ձգտել Ադրբեջանում իշխանափոխության սցենարներ իրականացնել: ԱՄՆ-ի մամուլը եւ ՀԿ-ները ուժգնացնում են Բաքվի դեմ սեւ PR-ը: Այդ կեղծավորության եւ երկերեսանիության պատճառներն հնարավոր չէ հասկանալ», - ասված է հոդվածում:
Ըստ հոդվածի հեղինակների՝ այս ամենի բացատրությունը Իլհամ Ալիեւի նկատմամբ Օբամայի ունեցած «անձնական վիրավորանքն է»:
2009 թ. Օբաման Իլհամ Ալիեւին Ստամբուլ էր հրավիրել, որպեսզի նրան համոզեր համաձայնել հայ-թուրքական սահմանի բացմանը: «Սակայն Իլհամ Ալիեւի ամուր կամքը խափանեց այդ նենգ ծրագրերը, եւ նա հրաժարվեց գնալ այնտեղ»:
«Հավանաբար, մինչ այժմ Օբաման չի կարողանում ներել Իլհամ Ալիեւին այդ վիրավորանքը», - ասվում է հոդվածում:



























