Չեմ կարծում, որ Գյումրիում իրականացված սպանության հետ կապված ռուսական կողմն ավելի պակաս կանի, քան հայաստանյան իրավապահ մարմինները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի Ազգային Ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը՝ անդրադառնալով Գյումրիում իրականացված հանցագործության մեջ կասկածվող Վալերի Խերմյակովին Հայաստանի իրավապահներին չհանձնելու փաստին:
«Նա զինծառայության մեջ է եւ, կարծում եմ, նման գործերով զբաղվում են ռազմաբազայի իրավապահ մարմինները: Չեմ կարծում, որ դրանում որեւէ միտում կա կամ նրանք ավելի պակաս կանեն, քան մեր իրավապահ մարմինները: Չեմ պատկերացնում, որ այդ ստոր արարածի պատճառով ինչ-որ բան կարվի ոչ այնպես, ինչպես հարկն է»,- նշեց պատգամավորը: Նա նաեւ ընդգծեց, որ ոչ մի տարբերություն չկա: «Իհարկե, հայկական կողմը նույնպես կզբաղվի այդ հարցով, բայց քանի որ նա զինծառայող է, կարծում եմ՝ դրանով նախ կզբաղվի ռուսական կողմի ռազմական ոստիկանությունը: Կարծում եմ՝ նույնիսկ Թուրքիայում նման սրիկային չէին ների»,- կարծիք հայտնեց Արագած Ախոյանը:
Պատգամավորը նաեւ հավելեց, որ այս դեպքը քաղաքական բնույթ չունի, հանցագործությունն ազգային հողի վրա չի կատարվել: «Մենք գործ ունենք մի մարդու հետ, որն ալկոհոլի կամ թմրանյութերի ազդեցության տակ կարող էր նման հանցանք կատարել: Պետք չէ դա քաղաքականացնել»,- նշեց Ախոյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքը գնդակահարվել է: Զոհերի թվում 2 տարեկան երեխա կա: Եվս մեկ փոքրիկ Երեւանի բուժհաստատություններից մեկի վերակենդանացման բաժանմունքում է: Հանցագործությունը կատարելու մեջ կասկածում են Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին, որին հայտնաբերել են հայ-թուրքական սահմանային Բայանդուր գյուղի շրջանում: Քանի որ հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող Վալերի Պերմյակովը Ռուսաստանի քաղաքացի է եւ գտնվում է ռուսական իրավապայների հսկողության, այսինքն՝ ՌԴ իրավազորության ներքո, նրան Հայաստանին հանձնելու հարց չի քննարկվում:




























