2013թ. վերջից Հայաստանի ռուսական ռազմաբազայից հաճախակի բողոքներ են ստացվել: Այդ մասին «Մոսկովսկի կոմսոմոլեցին» հայտարարել է Ռուսաստանի զինվորների մայրերի կոմիտեի պատասխանատու քարտուղար, պաշտպանության նախարարությանը կից հասարակական խորհրդի անդամ Վալենտինա Մելնիկովան:
«Նախկինում՝ 2009-2013թթ., այնտեղ ընդհանրապես ամեն ինչ խաղաղ էր, զինվորներից կամ նրանց մայրերից ոչ մի բողոք չենք լսել: Սակայն, ինչպես հասկանում եք, ծառայողական մթնոլորտը մեծապես կախված է հրամանատարից: Եվ ահա, 2013թ. վերջից սկսած՝ այդ զորամասից սկսեցին ավելի հաճախ բողոքներ հնչել: Չեմ կարող ասել, որ դրանք զանգվածային են եղել, սակայն այդուհանդերձ, շատ էին: Հիմնականում բողոքում էին, որ զինծառայողներից խլում են գումարները, ստորացնում են, բուժվելու նպատակով ժամանակին հոսպիտալ չեն ուղարկում: Ընդ որում, մեր օգնությանը դիմած զինվորները մեղադրում էին ոչ թե իրենց ծառայակից ընկերներին, այլ հրամանատարական կազմին, մասնավորապես, կրտսեր սպաներին: Մենք այդ դեպքերի առիթով դիմել ենք ռազմական դատախազին եւ դրանից հետո նման խախտումները դադարել են», - նշել է Վալենտինա Մելնիկովան:
Աղբյուրի տեղեկություններով՝ նաեւ բացահայտվել է իր մասին իրական տեղեկատվությունը թաքցնելու Պերմյակովի հակումը: Այսպես, սոցկայքի իր էջում նա նշել է, որ սովորել է Չիտա քաղաքի 17-րդ երեկոյան դպրոցում, սակայն ուսումնական հաստատության տնօրեն Լյուդմիլա Վոնսոնովիչը կտրականապես հերքել է այդ տեղեկությունը: Լյուդմիլա Վոնսոնովիչը հայտարարել է, որ չի հիշում նման ազգանունով աշակերտի, սակայն համոզվելու համար նայել է իր դպրոցի բոլոր աշակերտների քարտարանները եւ նման ազգանունով աշակերտ չի գտել: Պարզվում է, որ Վալերի Պերմյակովը ծնվել է Անդրբայկալի երկրամասի Դուլդուրգ գյուղում, իսկ բանակ զորակոչվել է Չիտինյան մարզի Բալեյ քաղաքից: Այնտեղ, նույնպես կա երեկոյան դպրոց:
Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում ընտանիքի 6 անդամներին գտել են սպանված: Նրանց վրա հրազենային վնասվածքներ են եղել: Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Սպանության հիմնական կասկածյալը ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովն է: Նրան հայտնաբերել են հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս կասկածյալը գտնվում է ռուս սահմանապահների մոտ, ՀՀ դատախազությունը հայտարարել է, թե գործը քննելուն ռուսները՝ ըստ իրենց օրենսդրության:
Մինչդեռ նշենք, որ Հայաստանի եւ Ռուսաստանի դաշնության միջեւ 1997թ. կնքված ռուսական ռազմաբազայի մասին միջազգային պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն, ռուսական ռազմաբազայի կազմում ընդգրկված անձանց կողմից ՀՀ տարածքում կատարված հանցագործությունների գործերի դեպքում կիրառվում է Հայաստանի օրենսդրությունը, եւ գործում են ՀՀ պատկան մարմինները:




























