Հայաստանում գյումրեցի ընտանիքի ծուխը մարած ստահակը չի հանձնվելու Հայաստանի արդարադատությանը Ռուսաստանի սահամանադրության «քաղաքացիներին չհանձնելու» կետի պատճառաբանությամբ: Այդ մասին ասվում է «Հայազն» կուսակցության վարչության տարածած հայտարարության մեջ:

«Փաստորեն Ռուսաստանը, նրա 102-րդ ռազմաբազան, Հայաստանի սահմանին կանգնած նրա սահմանապահները ղեկավարվում են ոչ թե ՀՀ, այլ ռուսական օրենքներով:

Հայաստանում իշխող վարչախումբը ստորաբար համաձայնվում է այս պատճառաբանության հետ` վերջնականապես նվաստացնելով Հայոց պետականությունը:

Ռուսաստանը, իր պաշտպանության ներքո վերցնելով հանցագործին, ամբողջությամբ իր վրա է վերցնում նաեւ կատարվածի պատասխանատվությունը:

Դժբախտ պատահարի առիթով եւս մեկ անգամ համոզվեցինք, որ Հայաստանի տարածքում օտար զինված անձանց առկայությունը ուղղակի սպառնալիք է շրջակա բնակչությանը:

Հայաստանի հետ հոգեւոր կապվածություն չունեցող, իրենց կամքին հակառակ օտարության մեջ տարիներ մաշեցնող այդ զինվորների համար տեղացիները օտար են եւ ըստ ամենայնի ատելի:

Նմանները երբեւէ չեն կարող պաշտպանել Հայաստանը որեւէ արտաքին թշնամուց:

Հայաստանի սահմանները պետք է պաշտպանվեն բացառապես հայ զինվորի կողմից:

Ուստի Հայաստանում ռուսական զորքի տեղակայմանը վերաբերող պայմանագրերը ենթակա են կասեցման: 102-րդ ռազմակայանի, ինչպես նաեւ սահմանապահ ջոկատների գորձառույթը եւ նյութական միջոցները պետք է փոխանցվեն ՀՀ զինված ուժերին»,- ասվում է հայտարարության մեջ: