Ռուսական ժամկետային զինծառայողներին կարող են արգելել ծառայել արտերկրի ռազմաբազաներում: Այս մասին գրում է Газета.ru-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության աղբյուրին: Նման քննարկումների պատճառ է դարձել Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայում ռուսական զինծառայողի մասնակցությամբ միջադեպը: Շարքային Վալերի Պերմյակովին կասկածում են Գյումրիի ընտանիքներից մեկում 6 մարդու սպանության մեջ:

«Ռուսաստանի վարկանիշը չպետք է կախված լինի պատահական մարդկանցից, բայց չի կարելի ամեն ինչ շտապողականությամբ լուծել»,- հայտարարել է ՊՆ ներկայացուցիչը: Արտերկրյա ռազմաբազաներում ծառայությունը չի տարբերվում ներռուսաստանյան ծառայությունից, սակայն, ըստ աղբյուրի, հարցեր կարող են առաջանալ ֆինանսական հարթության վրա:

Գաղափարը սատարել է ՌԴ Պետդումայի պաշտպանության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, Աֆղանստանի վետերանների ռուսական միության ղեկավար Ֆրանց Կլինցեւիչը: «Երբ մարդ այլ տարիք, ծառայության որոշակի փորձ ունի, նաեւ ծառայության հանդեպ վերաբերմունքն է այլ»,- նշել է Կլինցեւիչը:

Սիբիրի ռազմական շրջանի հետախուզության նախկին ղեկավար, գեներալ սերգեյ Կանչուկավի կարծիքով, արտերկրյա ռազմաբազաներում ոչ թե պարզապես պայմանագրայիններ պետք է լինեն, այլ մարդասիրական հատուկ պատրաստվածությամբ զինծառայողներ: «Տեղի լեզվի իմացությունը ոչ միայն հաղորդակցման միջոց է, այլ տվյալ երկրի բնակիչների հանդեպ հարգանքի դրսեւորում: Անհրաժեշտ է նաեւ պատության, սովորույթների իմացություն»,- հավելել է նա: