Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի մոտ տեղակայված բանաստեղծ Ավետիք Իսահակյանի արձանի կոտրվելու վերաբերյալ  քննություն չի իրականացվի: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները: Մեր տեղեկություններով՝  գրադարանի տնօրենը կտրականապես հրաժարվել է որեւէ հաղորդում ներկայացնել, քանի որ արձանը անզգուշությամբ վնասել են երեխաները: Նա ասել է, թե իրենք կվերականգնեն եւ նորից կտեղադրեն արձանը:

Նշենք, որ գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը ասել է, թե Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի մոտ տեղակայված բանաստեղծ Ավետիք Իսահակյանի արձանը պատահական է կոտրվել, երբ անցորդը ցանկացել է դրան հենված լուսանկարվել: «Դեպքը տեղի է ունեցել արձակուրդի օրերին՝ հունվարի 8-ին, երբ գրադարանում եղել է միայն ցերեկային պահակը: Նա նկատել է, որ մի երիտասարդ տղա ցանկացել է նկարվել եւ հենվել է արձանին, մինչեւ դուրս է եկել, որ ասի՝ չի կարելի արձանին հենվել, այն կոտրված է եղել, իսկ երիտասարդը հեռացել է: Կոտրվել է արձանի ձախ ոտքը եւ ձախ ձեռքը, այն կավից է, իսկ մեջը՝ պենոպլաստ, այժմ այն ապամոնտաժվում է, որոշվել է պատվանդան տեղադրել, գարնանն այն հանդիսավորությամբ կտեղադրվի գրադարանի՝ բանաստեղծի անվան պուրակում»,- ասել է Հասմիկ Կարապետյանը: