Հայաստանի ոստիկանությունը հրաժարվում է մեկնաբանել զինված զինվոր Վալերի Պերմյակովի՝ Գյումրի քաղաքում անարգել տեղաշարժի վերաբերյալ հարցը:

Հարցի էությունը այն է, որ 102-րդ ռազմաբազան Մյասնիկյան փողոցից (որտեղ տեղի է ունեցել ողբերգությունը) բավականին հեռու է գտնվում: Լքելով դիրքը՝ ավտոմատով եւ երկու պահեստատուփով զինված զինվորը որոշել է «զբոսնել» քաղաքով: Ստացվում է, որ տեղաշարժի ամբողջ երթուղու ընթացքում նրան ոչ մի հերթապահ ոստիկան չի պատահել: Կամ էլ հերթապահող ոստիկանները ուշադրություն չեն դարձել զինված զինվորի վրա:

Սակայն NEWS.am-ին չհաջողվեց ոստիկանությունում ստանալ համապատասխան ծառայողական հետաքննություն անցկացնելու մասին հարցի պատասխանը: Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտարարեց, որ հարուցվել է  քրեական գործ, եւ բոլոր հարցերին իրավասու է պատասխանել միայն քննչական մարմինը:

Այս առիթով դիմեցինք Հայաստանի Քննչական կոմիտեի ղեկավարի խորհրդական Սոնա Տռուզյանին, ով հիշեցրեց, որ բոլոր հարցերը, այդ թվում՝ տեղաշարժման երթուղին, հետաքննվում են:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի 6 անդամներին։ Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Վեց ամսական մյուս երեխան տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ վիրահատվել է եւ այժմ ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Սպանության հիմնական մեղադրյալը ռուսական 102-րդ ռազմաբազայի զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ռուս սահմանապահների կողմից հայտնաբերվել էր հայ-թուրքական սահմանի մոտ գտնվող Բայանդուր գյուղի շրջանում: Ենթադրվող հանցագործը հայկական կողմին չի հանձնվել: