Գյումրիում հունվարի 12-ին իրականացված սպանդից անցել է երկու օր, բայց դեռ անհայտ են դեպքի պատճառները, հանգամանքները եւ հստակեցումներ անելու փոխարեն՝ օրեցօր ավելանում են անպատասխան հարցերը: Պատկան մարմինները եւ իրավասու անձինք ցրողական, կցկտուր, կիսատ-պռատ մեկնաբանություններ են տալիս՝ այդպես էլ մութ թողնելով, թե ինչն էր այս ողբերգության պատճառը եւ ինչպես ռուս զինվորականը չհանձնվեց հայկական կողմին: Ավելին՝ անհայտ է  նաեւ այս գործի ապագան, ինչ, ով, որտեղ եւ ինչպես կքննի Գյումրիում վեց հոգանոց ընտանիքի սպանության գործը, արդյոք մեղավորները կպատժվեն, թե որոշ ժամանակ հետո կհայտնվեն ազատության մեջ՝ անմեղսունակի անվան տակ:

NEWS.am-ը այսօր դեպքի հետ կապված հարցերի շարք էր ուղարկել Քննչական կոմիտեին եւ Գլխավոր դատախազությանը, հարցեր, որոնք կարող էին լույս սփռել ստեղծված իրավիճակի վրա:

Մասնավորապես, հայտնի է, որ սպանված ընտանիքն ապրում էր ռազմաբազայից 3-4 կմ հեռավորության վրա, եւ նրանց տուն հասնելու համար անհրաժեշտ է անցնել հարևանների բակերով:

-Ո՞րն էր պատճառը, որ կասկածյալ զինվորն այդքան հեռու է գնացել՝ ջուր ուզելու համար: Ինչո՞ւ պետք է Վալերի Պերմյակովը հանցանքի վայրում թողներ իր կոշիկները:

-Տանտիրուհուց բացի, մյուսները սպանվել են իրենց անկողիններում: Ի՞նչ է այդ կապակցությամբ նշել կասկածյալն իր ցուցմունքներում:

-1999թ. Գյումրիում ռուս երկու զինվորականներ շուկայում կրակոցներ էին արձակել՝ սպանելով 1, վիրավորելով 8 մարդու: Նրանց դատեցին Հայաստանում ՀՀ Քր.օր.-ի հոդվածներով՝ համապատասխանաբար 14 եւ 15 տարի պատժաժմակտներով: Ինչո՞ւ է այժմ Պերմյակովը հանձնվել ռուսական կողմի իրավազորությանը:

-Որքանո՞վ են քաղաքական ճնշումներ եղել Դատախազության վրա:

-Եւ ինչու է դատախազությունը մեջբերում ՌԴ Սահմանադրությունը, երբ միջպետական պայմանագրերը ավելի գերադաս են համարվում: ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ կնքված 1997թ ռազմաբազայի մասին համաձայնագրի 4-րդ հոդվածն ասում է, որ ռուսական ռազմաբազայի կազմում ընդգրկված անձանց կողմից Հայաստանի տարածքում կատարված հանցագործությունների, գործերի դեպքում կիրառվում է Հայաստանի օրենսդրությունը, եւ գործում են ՀՀ պատկան մարմինները:

Այս հարցերի վերաբերյալ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Հայասատանի իրավապահ մարմինները Պերմյակովին չեն հարցաքննել, նրան հարցաքննել է ռուսական կողմը, վարույթն իրականացնող մարմնի ներկայացուցիչները ներկա են եղել, բայց այդ ցուցմունքները մեր գործին կցված չեն, հետեւաբար՝ այդ ցուցմունքների վերաբերյալ որեւէ հարցի պատասխանել չի կարող: «Այսօրվա դրությամբ ինչ հրապարկվել է, ավելացնել ոչինչ չեմ կարող: Ռուսական կողմի համակողմանի եւ անաչառ քննություն անցկացնելու մասով հայտարարություն եղել է, ես իրենց կողմից մեկնաբանություններ անելու լիազորություն չունեմ: Ինչ վերաբերում է Պերմյակովի ռուսական կողմի իրավազորությանը հանձնելուն, դիմեք դատախազություն»,-ասաց Սոնա Տռուզյանը:

Իսկ Գլխավոր դատախազության Հանրային կապերի բաժնից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ ի տարբերություն այս դեպքի՝ 1999թ դեպքով հանցագործություն կատարած անձինք ձերբակալվել է ՀՀ իրավապահների  կողմից, հետեւաբար՝ հետագա գործընթացները տեղի են ունեցել Հայաստանում: «Սա բացառապես իրավական գործընթաց է, քաղաքական ճնշումների մասին խոսելն ավելորդ է: Իսկ 1997թ ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ կնքված ռազմաբազայի մասին  պայմանագրի 5-րդ կետը հստակ սահմանում է այն բացառությունները, որոնց վրա չեն տարածվում 4-րդ կետի դրույթները, դրանցից է նաեւ զինվորական հանցագործությունը: Իսկ Վալերի Պերմյակովը ձերբակալվել է ռուս սահմանապահների կողմից ՌԴ-ում զինվորական հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում, այդ պատճառով նրա նկատմամբ գործում է ՌԴ Սահմանադրությունը, որով եւ արգելվում  է իրենց քաղաքացուն հանձնել»: