Գյումրիի քաղաքապետ, ԲՀԿ անդամ Սամվել Բալասանյանը գտնվում է արձակուրդի մեջ: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցին հաստատեցին քաղաքապետի ընդունարանից:
Մեզ հայտնեցին, որ քաղաքապետը հունվարի 12-ից գտնվում է արձակուրդի մեջ, հայտնի չէ՝ որտեղ է այն անցկացնում եւ երբ կվերադառնա: Հետաքրքիրն այն է, որ հունվարի 12-ին Գյումրիի քաղաքապետարանի կայքում տեղադրվել է նրա ցավակցական խոսքը: Գյումրիում տարածված տեղեկությունների համաձայն՝ քաղաքապետը իր արձակուրդն անցկացնում է Արաբական Միացյալ Էմիրություններում, նա չի մասնակցել Ավետիսյանների ընտանիքի հոգեհանգստին: Այս տեղեկությունը չհաջողվեց պարզել նրա մամուլի խոսնակից, քանի որ նա հեռախոսազանգերին չէր պատասխանում: Իսկ քաղաքապետի հեռախոսն անջատված է:
Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում ընտանիքի 6 անդամներին գտել են սպանված: Նրանց վրա հրազենային վնասվածքներ են եղել: Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Սպանության հիմնական մեղադրյալը ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովն է: Նրան հայտնաբերել են հայ-թուրքական սահմանի մոտ: Որոշվել է, որ Պերմյակովի գործը կքննի ռուսական կողմը:




























