Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը կոչ է արել չքաղաքականացնել Գյումրիի ողբերգությունը եւ վստահություն է հայտնել, որ քննությունն ամեն բան կբացահայտի եւ հանցագործը կկրի իր պատիժը:
«Դեսպանատան աշխատակիցները ցնցված են Գյումրիում տեղի ունեցած սարսափելի ողբերգությամբ: Մենք սգում ենք հայ ժողովրդի հետ, ցավակցում ենք զոհվածների հարազատներին ու մտերիմներին: Այս սարսափելի հանցագործությունը կատարողները պետք է ամենախիստ պատժի արժանանան: Ներկայումս Հայաստանի եւ Ռուսաստանի կոմպետենտ մարմինները անհրաժեշտ քննչական ընթացակարգեր են իրականացնում, որոնց նպատակը օբյեկտիվ եւ բազմակողմանի հետաքննություն իրականացնելն է: Քննչական խմբերն իրենց ջանքերը համակարգում են ՀՀ տարածքում 102-րդ ռազմակայանի տեղակայման մասին համաձայնագրի համապատասխան»,-ասել է դեսպանը՝ Sputnik ռադիոյին տված հարցազրույցում:
«Ես հասկանում եմ այդ մարդկանց, նրանց հույզերը, որովհետեւ գազանային հանցագործություն է կատարվել, որի համար հանցագործը պետք է պատասխան տա: Մարդիկ, իհարկե, իրավունք ունեն հայտնել իրենց կարծիքը, իրենց հույզերը, բայց ես կարծում եմ, որ այս հարցը չպետք է քաղաքականացնել»,-ասել է Վոլինկինը:
«Հանցագործությունը ազգություն չունի, հատկապես այս դեպքում: Մենք չպետք է սրանից քաղաքական կրակ բորբոքենք: Ես կարծում եմ, որ քննությունը կբացահայտի այս գործի բոլոր մանրամասները եւ հանցագործը համարժեք պատիժ կստանա»,-ընդգծել է դեսպանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում ընտանիքի 6 անդամներին գտել են սպանված: Նրանց վրա հրազենային վնասվածքներ են եղել: Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Սպանության համար մեղադրվում է ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը։ Նրան հայտնաբերել են հայ-թուրքական սահմանի մոտ: Որոշվել է, որ Պերմյակովի գործը կքննի ռուսական կողմը:
Վալերի Պերմյակովին հայկական արդարադատությանը հանձնելու պահանջով այսօր՝ հունվարի 14-ին, ռազմաբազայի մոտ հավաքված քաղաքացիները Շիրակի դատախազ Րաֆֆի Ասլանյանի հետ երկար բանակցություններից հետո, ժամը 19-ի մոտ վերջապես որոշեցին հեռանալ ռազմաբազայի մոտից։ Վաղը՝ հունվարի 15-ին, Ավետիսյանների հուղարկավորությունից հետո, գոյւմրեիցիները կրկին հավաքվելու են դատախազության մոտ։ Քաղաքացիներն այդ ժամին վերջնական պատասխան են սպասում դատախազությունից Պերմյակովի ճակատագրի վերաբերյալ։




























