Երթի մասնակիցները նախագահական նստավայրի մոտ վանկարկեցին «ամոթ, ամոթ», նրանք իրենց հետ տարել են Ավետիսյանների զոհված երկամյա դստեր լուսանկարը եւ «Ես չեռնոժոպի Խաչիկ չեմ» գրությամբ պաստառ (ֆոտոռեպորտաժ):
«Հայաստանի Հանրապետությունը երկրորդ սորտի պետություն չէ, եթե հանցագործությունը տեղի է ունեցել ՀՀ-ում, մեկ այլ պետություն իրավունք չունի հանցագործին միջազգային պայմանագրի խախտմամբ մեր պետությունից ուղղակի փախցնել եւ հանցագործին պաշտպանել հայ իրավապահներից: Պետք է բացահայտվի, թե ինչպես է զինծառայողը զենքով դուրս գալիս եւ գնդակահարում խաղաղ բնակիչների: Այդ ամենին պետք է բացատրություններ տրվեն եւ ապագայում կանխվեն նման դեպքերը»,- նախագահական նստավայրի մոտ լրագրողներին ասաց ակցիայի մասնակիցներից Դանիել Իոանիսյանը:
Ակցիայի կազմակերպիչներն իրենց պահանջը նամակով ներկայացրին նաեւ նախագահական նստավայրի դիմումների եւ բողոքների բաժին, որի աշխատակիցները կազմակերպիչներին ասել էին, որ պահանջներին ծանոթանալուց հետո վաղն առավոտյան հեռախոսազանգի միջոցով պատասխան կտրվի դրանց վերաբերյալ:
Պահանջը ներկայացնելուց հետո ակցիայի մասնակիցների մի մասը որոշեց հեռանալ Բաղրամյան 26-ից, իսկ մյուս մասը՝ 15 րոպե ժամանակ տալ, որպեսզի նախագահական նստավայրի որեւէ ներկայացուցիչ անձամբ մոտենա ակտիվիստներին եւ լսի նրանց պահանջները:
15 րոպե սպասելուց հետո ակցիայի մասնակիցների մի մասը որոշեցին անցնել նախագահական նստավայրի մայթ, սակայն արդեն իսկ կրկնապատկված ոստիկանական ուժերը նրանց թույլ չտվեցին:
Այդքանով ակցիան ավարտվեց նախագահական նստավայրի մոտ:
Նշենք, որ վաղը ժամը 15:00 նախատեսվում է բողոքի ակցիա Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում ընտանիքի 6 անդամներին գտել են սպանված: Նրանց վրա հրազենային վնասվածքներ են եղել: Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Սպանության համար մեղադրվում է ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը։ Նրան հայտնաբերել են հայ-թուրքական սահմանի մոտ: Որոշվել է, որ Պերմյակովի գործը կքննի ռուսական կողմը:




























