Հայաստանի Պետական եկամուտնեի կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն օրերս ապօրինի ձեռնարկատիրական գործունեության մի շարք դեպքեր են բացահայտել:

ՊԵԿ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է Արմավիրում գործող շինանյութի ապօրինի արտադրամաս: Պարզվել է, որ մարզի Ոսկեհատ գյուղում գործող ապօրինի արտադրամասում պեմզաբլոկ է արտադրել Էջմիածնի բնակիչ Պ.Պետրոսյանը:  Վերջինս խոստովանել է, որ տվյալ գործունեությամբ զբաղվել է այս տարվա ապրիլից` հաշվառված չլինելով պետ. ռեգիստրում եւ հարկային մարմիններում:

Ստացված օպերատիվ տեղեկատվության հիման վրա Օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն ապօրինի մեկ այլ արտադրամաս էլ հայտնաբերել են Շենգավիթում: Այս դեպքում խոսքը մետաղյա ցանցի պատրաստման մասին է: Հարկային դաշտից դուրս գործունեությունը ծավալել էր մայրաքաղաքի բնակիչ Բ.Խորշիկյանը: Թեեւ նա հայտնել է, թե արտադրամասը գործել է ընդամենը մի քանի ամիս, սակայն, ըստ օպերատիվ տեղեկությունների, արտադրամասում  մետաղյա ցանցեր են պատրաստվել մեկ տարուց ավելի:

Շենգավիթում նաեւ եվրոպատուհանների եւ դռների արտադրամաս է հայտնաբերվել. ապօրինի ձեռնարկատիրությամբ զվաղվել էր նույն համայնքի բնակիչ Գ. Վարդանյանը: Հարկային մարմինների ստուգայցի պահին արտադրամասում եղել է հինգ աշխատակից:

Մյուս հայտնաբերումն էլ կատարվել է Կոտայքում. Ջրվեժի անասնագոմերի տարածքում սառնարանների վերանորոգմամբ է զբաղվել գյուղի բնակիչ Ի.Ղալեչյանը` գրանցված չլինելով հարկայինում: ՕՀՎ աշխատակիցների այցելության պահին արտադրամասը գործել է, որտեղ, եղել է երկու աշխատակից: Ղալեչյանը հայտնել է, որ արտադրամասն այդ կարգավիճակով գործել է շուրջ մեկ տարի: