Գյումրիում հունվարի 12-ի գիշերը իրականացված սպանդը ունի մի շարք հարցականներ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը: Նախ, առաջին հարցը, որ նա բարձրացնում է, հետեւյալն է՝ ինչպե՞ս պատահեց որ հանցագործը, գնդակահարելով 6 անմեղ մարդու, դուրս եկավ՝ իր հետեւից թողնելով իր կոշիկները, հագուստը, որտեղ գրված է իր անուն, ազգանունը: Ըստ Գուրգեն Եղիազարյանի՝ հանելուկ է նաեւ, թե նա ինչպես նա ներս մտավ, արդյոք դուռը բա՞ց էր, թե՞ ոչ:
«Հագուստը թողել է, որ իմանանք, որ սպանություն կատարողը ռուս է եւ ինքն է: Նախաքննական մարմինը մի հարց ունի՝ պարզելու մոտիվը, եթե մոտիվը չկա, սպանությունը բացահայտված չէ: Իսկ առանց մոտիվի սպանություն գոյություն չունի, առանց մոտիվի սպանում է հոգեկան հիվանդը, իսկ նա հոգեկան հիվանդ չէ, տիպիկ մարդասպան է, ինչի նշանը երեք հատ է՝ մատերը հավասար են, բացի բութ մատից, աչքի գիլի մեջ սպիտակ փոքրիկ կետ կա, ճակատի կնճիռների առատությունը խոսում է մարդու բարության մասին, նրանց բացակայության կամ ճակատի մեկ գիծը խոսում է գենետիկ մարդասպանի մասին: Նա պատահական չի գնացել այդ տուն, դուռը բացող է եղել»,-ասաց Գուրգեն Եղիազարյանը:
ԱԱԾ պետի նախկին տեղակալը շեշտեց նաեւ, որ Գյումրին ՀՀ վարչատարածք է, այնտեղ կատարված ցանկացած հանցագործություն պետք է քննեն հայ իրավապահները, նա պետք է պատասխանատվության կանգնի եւ պատիժը կրի ՀՀ-ում:
Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում ընտանիքի 6 անդամներին գտել են սպանված: Նրանց վրա հրազենային վնասվածքներ են եղել: Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Սպանության մեջ մեղադրվում է ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը: Նրան հայտնաբերել են հայ-թուրքական սահմանի մոտ:


























