Աջարիայի ինքնավար հանրապետության կառավարությունը մտադիր է Բաթումում շենք ձեռք բերել, որում մահմեդական հոգեւոր ուսումնարան է տեղակայվելու (մեդրեսե):

Միաժամանակ, մինչեւ ամսվա վերջ ծրագրվում է շենք գնել նաեւ Արեւմտյան Վրաստանի մուֆթիաթի համար: Վրաստանի կառավարության որոշմանն Աջարիայի մահմեդականների հոգեւոր առաջնորդներին ծանոթացրել է Կրոնի հարցերով պետական գործակալության ղեկավար Զազա Վաշակմաձեն: Այս մասին գրում է «Գրուզիա Online»-ը:

«Նշված որոշմանը համապատասխան՝ «Օրթա Ջամե»-ում լրացուցիչ տարածք է ազատվելու, որի վերակազմավորումից հետո Բաթումի մզկիթում կլուծվի բաց երկնքի տակ աղոթելու խնդիրը: Այս որոշումը մահմեդական հոգեւականներին հնարավորություն ընձեռեց ֆինանսական ռեսուրսներ ստանալ՝ ինչպես կրոնական ծիսակարգի անցկացման, այնպես էլ խնդրի մասնակի լուծման համար»,- նշել է Վաշակմաձեն:

Հիշեցնենք, որ ամբողջ Վրաստանում այդ երկրի Մահմեդականների վարչությանը մզկիթների փոխանցման գործընթաց է տեղի ունենում: Որոշումն ընդունվել է 2014 թվականի դեկտեմբերին, Կրոնական խորհրդի նիստի ժամանակ: