Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի առջեւ լարվածությունը վերջապես թուլացավ, ցուցարարները մոտ 1 ու կես ժամ փորձում էին ճեղքել հյուպատոսարանը շրջափակած ոստիկանական շղթան՝ քարեր եւ շշեր նետելով ոստիկանների ուղղությամբ։ Ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառեց։ Բախումների հետեւանքով 12 մարդ տեղափոխվեց հիվանդանոց։

Ակցիայի մասնակիցները ցրվեցին, նրանց մի մասը վերադարձավ Գյումրիի դատախազության մոտ, որտեղից սկսվել էր բողոքի ակցիան։ Մինչեւ այդ հյուպատոսարանի առջեւ ցուցարարներին հանդարտվելու կոչերով դիմեցին ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը եւ Մարտուն Գրիգորյանը։

Այս պահին դատախազության առջեւ դեռ հավաքված են մի խումբ ցուցարարներ։

Հիշեցնենք, որ երեկ եւ այսօր Գյումրիում բազմահազարանոց բողոքի ակցիաներ են տեղի ունեցել գյումրեցի ընտանիքի 6 անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին ՀՀ արդարադատությանը հանձնելու պահանջով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դուստրը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը կայուն ծանր է:

Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվեց նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:

ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է  ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում: