Երեւանի Ազատության հրապարակում ժամը 22։00-ի սահմաններում ինքնաբուխ հավաք է սկսվել. տասնյակ մարդիկ հավաքվել են՝ աջակցություն հայտնելու Գյումրիում հավաքված ցուցարարներին։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ակցիայի մասնակիցներից Մարիա Հովսեփյանն ասաց, որ զորակցության ակցիայի ժամանակ ոստիկանները հանկարծակի բերման են ենթարկել ակցիայի մեկ տասնյակից ավելի մասնակիցներին, իսկ մյուսներին շղթա կազմած դուրս բերել Օպերայի տարածքից՝ պատճառաբանելով, որ օպերատիվ աշխատանքներ են իրականացնում։ Ակցիայի մի քանի տասնյակ մասնակիցների մեծ մասը Հիմնադիր խորհրդարանի անդամներ են եղել։

Ոստիկանների գործողությունները ղեկավարում է փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը։

Մանրամասները՝ քիչ ուշ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դուստրը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը կայուն ծանր է:

Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվեց նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:

ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է  ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում: