Գյումրի բժշկական կենտրոնից Երեւան է տեղափոխվում այսօր՝ հունվարի 15-ին Գյումրիում բախումների հետեւանքով տուժած ոստիկաններից մեկը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գյումրիի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը:

Նա նշեց, որ իրենց հիվանդանոցում գտնվում է երկու ոստիկան եւ մեկ քաղաքացի: Քաղաքացու մոտ ավելի շատ նեվրոտիկ վիճակ է, ոստիկաններից մեկի մոտ գլխուղեղի ցնցում է, մյուսը բութ հարված է ստացել: Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվում 3-րդ ոստիկանը, ում մոտ հետազոտության արդյունքում պարզվել է բաց գանգուղեղային վնասվածք:

Նշենք, որ վնասվածքներ էին ստացել 15 մարդ՝ 9 քաղաքացի եւ 6 ոստիկան: Մեծ մասը, բուժօգնություն ստանալով, հեռացել էր:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դուստրը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը կայուն ծանր է:

Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվեց նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում: