Գյումրիում ընտանիքի դաժան սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին ՀՀ իրավապահներին փոխանցելու հարցը քաղաքական որոշման հարց է, գլխավոր դատախազն ընդամենը հանձնարարություն կատարող է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Գյումրիի «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը: Նրա խոսքով, «Գյումրիում այս պահին հանգիստ է, մարդկանց բռնել-լցրել են «մենթովկեքը»»:  Ըստ Բարսեղյանի, Երեւանից մոտ 9 հոգի գտնվում են ոստիկանության Մուշի բաժնում, եւս 7-ը՝ Կումայրիի բաժնում են, երկուսին ազատ են արձակել:

Հարցին, արդյոք բողոքի ակցիաները շարունակվելո՞ւ են Գյումրիում, Լեւոն Բարսեղյանը. «Դեռ պարզ չէ: Որեւէ որոշում չի եղել: Գլխավոր դատախազն ասաց, որ քննչական որոշ գործողություններից եւ հիմքերի ստանալուց հետո կդիմի Ռուսաստանի գլխավոր դատախազին, որպեսզի գործը փոխանցվի Հայաստանին: Բայց իմ հասկանալով եւ իրավաբանների ասելով հիմա էլ կարելի էր դիմել: Սա քաղաքական որոշման հարց է, իրավականով վաղուց իրավունք ուներ անելու եւ կաներ: Քաղաքական առումով, այս ամենը գնում է դեպի Սերժ Սարգսյան, եւ Սերժ Սարգսյանի որոշումն է սա, դատախազն ընդամենը այդ պրոցեսներում հանձնարարություն կատարող է»:

Հարցին, թե կա՞ն արդյոք ակնկալիքներ, որ դատախազի դիմելուց հետո ռուսական կողմը կհամաձայնվի փոխանցել Պերմյակովին, Լեւոն Բարսեղյանն ասաց. «Կռահումներ անել չեմ սիրում, բայց կարող է Երեւանը տեսնի իրողությունը, Ռուսաստանի դատախազությունը նկատի, որ որեւէ բարդ բան չկա, ասեն՝ տարեք, դուք դատեք, յաման: Բայց ամոթալին այն է, որ Հայաստանը ի սկզբանե հաշտ է եղել այն հանգամանքի հետ, որ Պերմյակովը հանձնվել է Ռուսաստանին, եւ Ռուսաստանը պետք է վարի քննությունը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դուստրը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը կայուն ծանր է:

Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվեց նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:

ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է  ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում:

Գյումրիում դատախազության մոտ ակցիայից հետո ցուցարարներն ուղեւորվել էին հյուպատոսարանի շենքի մոտ, որտեղ բախումներ էին եղել, ոստիկանները լուսածխային նռնակներ են կիրառել՝ բազմությանը ցրելու համար: Մարմնական վնասվածքներ էին ստացել 15 մարդ, որոնցից 6-ը ոստիկաններ եւ 9 քաղաքացիներ: Ոստիկանությունը մի քանի տասնյակ մարդ է ձերբակալել նաեւ Երեւանի Ազատության հրապարակում: