Ազատության հրապարակից հունվարի 15-ի երեկոյան բերման ենթարկված անձանց նկատմամբ ոստիկանության գործողությունները եղել են ակնհայտ ապօրինի եւ կամայական: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց փաստաբան Երվանդ Վարոսյանը:

Վերջինս հայտնեց, որ նախ այցելել է ոստիկանության Կենտրոնականի բաժին եւ պաշտպանել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի շահերը, ապա գնացել է Քանաքեռ-Զեյթունի բաժին, ուր բերել էին բերման ենթարկված փաստաբան Լուսինե Սահակյանին եւ Արգիշտի Կիվիրյանին:

«Ավետիք Իշխանյանը ոստիկանության Կենտրոնի բաժնում գտնվում էր չորրորդ հարկում՝ քրեական հետախուզության բաժանամունքում, եւ ոչ երկրորդ հարկում, որտեղ սովորաբար լինում են բերման ենթարկվածները, կարելի է ասել, որ բազմաթիվ մարդկանց են բերման ենթարկել»,- նշեց փաստաբանը:

Երվանդ Վարոսյանը նշեց, որ Քանաքեռ-Զեյթունի բաժանմունքի ոստիկանները ճանաչել են Լուսինե Սահակյանին եւ նրան բաժին չեն մտցրել: Փաստաբանի խոսքով, ոստիկանները բերման ենթարկելու որեւէ հիմք չեն ներկայացվել: «Զուտ միայն բանավոր մակարդակով խոսում էին,թ ե կասկածներ կային, թե զինված են եղել: Հոդաբաշխ որեւէ բացատրություն չի տրվել: Ընդ որում, բոլոր բերման ենթարկվածները Ազատության հրապարակում մոմավառության են մասնակցել, եւ առանց պատճառի բերման են ենթարկվել»,- ասաց Երվանդ Վարոսյանը՝ հավելելով, որ ոստիկանների գործողությունները եղել են ակնհայտ ապօրինի եւ կամայական: