Գյումրիում երեկ՝ հունվարի 15-ին տեղի ունեցած բախումների արդյունքում այս պահին Գյումրի բժշկական կենտրոնում գտնվում է երկու ոստիկան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հիվանդանոցի տնօրեն Արմեն Իսահակյանը:
Նա նշեց, որ ոստիկանների վիճակը նորմալ է, մեկի մոտ առկա էր գլխուղեղի ցնցում, մյուսը ստացել է բութ հարված: Նրանք այսօր-վաղը դուրս կգրվեն: Ինչ վերաբերում է գանգուղեղային բաց վնասվածք ստացած եւ Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց տեղափոխված ոստիկանին, Արմեն Իսահակյանը նշեց, որ նա վիրահատվել է, վիճակը բավարար է: Գյումրիի հիվանդանոցի տնօրենը անձամբ այդ ոստիկանի հետ առավոտյան զրուցել եւ հավաստիացել, որ նա լավ է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դուստրը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը կայուն ծանր է:
Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվեց նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:
ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում:
Գյումրիում դատախազության մոտ ակցիայից հետո ցուցարարներն ուղեւորվել էին հյուպատոսարանի շենքի մոտ, որտեղ բախումներ էին եղել, ոստիկանները լուսածխային նռնակներ են կիրառել՝ բազմությանը ցրելու համար: Մարմնական վնասվածքներ էին ստացել 15 մարդ, որոնցից 6-ը ոստիկաններ եւ 9 քաղաքացիներ:




























