Վալերի Պերմյակովի դեմ ռուսական եւ հայկական կողմերի հարուցած քերական գործերի միավորման մասին խոսք չկա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է միջազգային իրավունքի փորձագետը, որը չի ցանկացել նշել իր անունը:

Հիշեցնենք, որ առաջինը երկու քրեական գործերի միավորման մասին հայտարարել էր Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը:

«Գործերի միավորումն անգամ տեխնիկապես անհնար է: Օրինակ Հայաստանի քրեական օրենսգրքով «սպանությունը» 104-րդ հոդվածն է, իսկ Ռուսաստանի քրեական օրենսգրքով՝ 105-րդը: Ինչպես է որակվելու այդ գործողությունը «միավորված» գործում»,-հռետորական հարց է հնչեցրել փորձագետը:

Նրա խոսքով՝ խոսքը կարող է լինել միայն կողմերի հարցման հիման վրա գործով նյութերը միմյանց փոխանցելու մասին:

Նշենք, որ հիմնական իրեղեն ապացույցները, որոնք կապված են Ավետիսյանների սպանության հետ, գտնվում են հայկական կողմում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դուստրը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը կայուն ծանր է:

Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվեց նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում ռուսական ռազմակայանում:: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով):

ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվումէ  ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում: