Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը լսել եւ շատ ցավում է Գյումրիում հունվարի 12-ին 6 հոգանոց ընտանիքի սպանության համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կարեն Բաբակեխյանը:
Նա նշեց, որ այժմ գտնվում է Մոսկվայում եւ մանրամասների չի տիրապետում: Հարցին, թե ինչպես է գնահատում հունվարի 15-ին Գյումրիում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանների գործողությունները, արդյոք դրանք իրավաչափ էին, նախկին ոստիկանապետն ասաց, որ լսել է բախումների մասին, բայց անձամբ չի նայել եւ չի հետեւել, հետեւաբար՝ չի կարող գնահատական տալ:
Կարեն Բաբակեխյանը նշեց, որ ավարտել է բուժումները Մոսկվայում, Հայաստան կվերադառնա մոտ 20 օրից: «Ես հիմա թոշակի եմ, աշխատանքի առաջարկ չկա, չեմ էլ ուզում, հերիք է ինչքան աշխատեցի»,-ասաց Շիրակի նախկին ոստիկանապետը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դուստրը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը կայուն ծանր է:
Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվել է նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում: ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում:



























