Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկայի մեքենան կանգնեցրել է «ավտոստոպ» անող մի երիտասարդ, որին նա տեղափոխել է մինչեւ պալատի մոտ, հաղորդում է El Observador պարբերականը:

Գերհալդ Ակոստա անունով տղամարդը հայտարարել է, որ հունվարի 5-ին մեքենա էր «որսում» ճանապարհին: Նրա խոսքով՝ իր կողքով անցել է մոտ 30 մեքենա, սակայն ոչ մեկը չէր կանգնում: Վերջապես կանգնել է մինիվենը: «Մեքենայի վարորդն ասաց, որ կարող է ինձ հասցնել մինչեւ նախագահական պալատի մոտ»,-պատմել է տղամարդը:

Ակոստան նշել է, որ ինքը միանգամից չի ճանաչել մեքենայի ներսում նստած տղամարդուն ու կնոջը: «Երբ ես նստեցի մեքենան, մտածեցի, որ նրանց դեմքը ծանոթ է»,-ասել է Ակոստան՝ հավելելով, որ միայն իջնելիս է ճանաչել նախագահ Խոսե Մուխիկային: «Ես չէի կարողանում հավատալ, որ ինձ նախագահն է տարել»,-ամփոփել է նա: