ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության եւ անձնական արիության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Արման Ալիկի Հարությունյանը հետմահու պարգեւատրվել է Մարտական ծառայության մեդալով:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի գրասենյակից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ադրբեջանական կողմի կրակոցից, հունվարի 17-ին, զոհվել է Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող Արման  Ալիկի Հարությունյանը: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ զինվորը զոհվել է Ոսկեվանի սահմանագոտում: Նրան Նոյեմբերյանի բժշկական կենտրոն են տեղափոխել արդեն մահացած վիճակում: