Լատվիայի պետական լեզվի կենտրոնը դիմել է երկրի բնակիչներին ՝ հորդորելով աշխատանքի վայրում խոսել միայն լատիշերեն: Այս կանոնը կտարածվի գործնականում բոլոր աշխատողների վրա, հատկապես սպասարկման ոլորտի, խանութների, հասարակական տրանսպորտի, գրասենյակների եւ հաստատությունների աշխատակիցների, հայտնում է Vesti.lv-ն: Ուղերձը տեղադրվել է կենտրոնի պաշտոնական կայքում: Այնտեղ նշվում է, որ գերատեսչությունում բողոքներ են ստացվել, որ ոչ պաշտոնական զրույցների ժամանակ Լատվիայի բնակիչները հաճախ հաղորդակցում են օտար լեզվով, հիմնականում՝ ռուսերենով:

Պետական լեզվի մասին օրենքը չի տարածվում Լատվիայի բնակիչների ոչ պաշտոնական շփումների դեպքում, սակայն եթե աշխատակիցների շփումը միմյանց միջեւ լսում են այլ մարդիկ՝ հասարակական տրանսպորտի ուղեւորներ, գրասենյակների եւ այլ հաստատությունների այցելուներ, խանութների գնորդներ, ապա այդ շփումը չպետք է համարել ոչ պաշտոնական: «Հետեւապես, անթույլատրելի է, որպեսզի աշխատակիցներն իրենց ծառայողական ու մասնագիտական պարտականությունները կատարելիս, հաղորդակցվեն օտար լեզվով», - ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է NEWSru-ն: Կենտրոնի աշխատակիցները հիշեցնում են, որ այդ հանձնարարականի իրականացումը հատկապես կարեւոր է 2015թ., երբ Լատվիան ստանձնել է Եվրամիության նախագահությունը, քանի որ լատիշերենը ԵՄ-ի պաշտոնական լեզուներից մեկն է: