Մոսկվայի մանկական անհետաձգելի վիրաբուժության եւ վնասվածքաբանության ԳՀԻ-ն դեղորայք է ուղարկել Գյումրիի սպանդից փրկված 6 ամսական Սերյոժա Ավետիսյանի բուժման համար, որի վիճակը գնահատվում է որպես ծայրահեղ ծանր: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է հաստատության տնօրեն Լեոնիդ Ռոշալը:
«Երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է, շատ ակտիվ աշխատում են եւ հայ, եւ ռուս բժիշկները: Առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան մշտական կապ է պահպանում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ», - պատմել է գործակալության զրուցակիցը:
«Երեկ մեր ինստիտուտից շտապ հավելյալ դեղորայք է ուղարկվել: Բուժման համար ամեն անհրաժեշտը կա», — Ռոշալի խոսքերն է փոխանցում «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ ՌԴ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ վեց ամսական տղային օգնություն ցուցաբերելու նպատակով Հայաստան են ժամանել ռուսաստանյան առաջատար մասնագետներ: Հեռախոսազրույցի ընթացքում նման որոշում էին կայացրել առողջապահության նախարարներ Սկվորցովան եւ Մուրադյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանված են հայտնաբերել: Միակ ողջ մնացածը վեց ամսական տղա երեխան է, որը բուժման համար տեղափոխվել է Երեւան: Գործով հիմնական մեղադրյալը ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովն է: Նրան հայտնաբերել են հայ-թուրքական սահմանին, ձեբակալել եւ մեղադրանք ներկայացրել ՌԴ Քրեական օրենսգրքի համաձայն: Սպանության գործ է հարուցվել նաեւ Հայաստանի քննչական կոմիտեում:




























