Գերտերությունների առաջնորդները դժվար թե մասնակցեն Դարդանելիի ճակատամարտի 100-ամյակի միջոցառումներին, որոնք Էրդողանի ցինիկ որոշմամբ տեղի են ունենալու ապրիլի 24-ին։ Նման տեսակետ, այսօր՝ հունվարի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

Թուրքագետի խոսքով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ապրիլի 24-ը որպես Դարդանելիի ճակատամարտի հաղթանակի 100-ամյակի օր հայտարարելը ռիսկային է Թուրքիայի համար, քանի որ այն կարող է ավելի հեղինակազրկել Թուրքիային։

«Ապրիլի 24-ը որեւէ առնչություն չունի Դարդանելիի ճակատամրտի հետ։ Թուրքերի համար այս ճակատամարտում կարեւոր ամսաթիվը մարտի 18-ն է, երբ թուրքերին հաջողվում է ջախջախիչ հարված հասցնել անգլո-ֆրանսիական նավատորմին։ Աշխարհի կողմից սա շատ պարզ հասկացվելու է»,-նշեց Իսպիրյանը՝ շեշտելով, որ Էրդողանի այս հայտարարությունը հայությունը պետք է օգտագործի հենց Էրդողանի դեմ՝ ավելի հեղինակազրկելու թուրքական իշխանություններին։

Լրագրողներից մեկի այն հարցին, թե գերտերությունների ղեկավարները կմասնակցե՞ն արդյոք Էրդողանի կազմակերպած միջոցառումներին, թուրքագետը նշեց, թե դժվար է պատկերացնել, որ Ցեղասպանության փոխարեն թեկուզ Մեծ եղեռն ասող ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կամ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ներկա լինեն Դարդանելիի ճակատամարտում Էրդողանի կազմակերպած «ապրիլի 24-ի կրկեսում»։  Թեեւ Թուրքիան ցանկացած բան կանի նույնիսկ ամենաանշան երկրներին ներգրավելու համար»,-նշեց Իսպիրյանը։